Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք ոչ մի լուրջ քայլ չարեցինք Խորհրդային միությունից տարանջատվելու խորհրդային անցյալը ու քաղաքական ժառանգությունը մերժելու ուղղությամբ.
Ոչ լուստրացւա’ պետության որոշումների վրա (գործադիրից, օրենսդիր ու դատականից մինչև բանակ ու հատուկ ծառայություններ ու անվտանգության մարմիններ) արտաքին ազդեցությունները բացառելու համար,
Ոչ քաղաքական մշակույթի ու վարքանմուշների բացառման համար (բոլշեվիզմից մինչև կոռուպցիա’ ամեն մեկի հնարավորության տակ եղածի չափով ձեռքի տակ ընկածը տուն տանելու տեսքով և այլն),
Քաղաքացու դաստիարակության առումով’ կոմունիզմին սպասող պրոլետարի փոխարեն կերտելով սպառող-հպատակի մետամորֆոզ’ սինթետիկ ռազմահայրենասիրական բաժակաճառեր արտաբերող,
Չմերժեցինք ստալինա-բոլշեիկյան ժառանգությունը Արցախյան, Նախիջևանյան, Հայաստանի Հանրապետության ողբերգական անկման ու Հայաստանի բռնի-կամավոր բոլշեիկացման մասով, ու այդպես շարունակ։
Ավելի վատ բան արեցինք. դրա փոխարեն մերժեցինք ու քանդեցինք բաներ, որոնք պետք է պահպանվեին’ գիտություն ու գիտահետազոտական հաստատություններ, առնվազն կրթությունից մանկավարժի, դասախոսի բարձր սոցիալական ստատուսն ու ինստիտուտը, քաղաքականության բարձր սոցիալականությունն ու սոցիալական պատասխանատվությունը, հոգատարությունը… Նաեւ այլ պետքական ու կարևոր բաներ…
Ծաղկեցրինք այն, ինչը պետք էր արմատախիլ անել, ավերեցինք այն, ինչը պետք էր պահել ու մարդկային պոտենցիալի իրացման միջավայր կարող էր լինել, սերուցքային ընտրախավի ձևավորման պայման կարող էր լինել ու դեպի գիտատեխնիկական դարաշրջան մուտքի բանալի…
Դրա համար խորհրդային ժառանգությունը ճանաչելու հեռանկարը ու խորհրդային քարտեզների շփոթում ու սահմաններում գործելու ուրվականը վերստին այցելում է մեզ…»։