Նոյեմբերի 7-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել է հաղորդում, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Արարատի մարզային վարչության և բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Արարատի Սալակիթների փողոցում ծագած վիճաբանության ժամանակ Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի պահվող երկփողանի ողորկափող որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է տուժածի վրա, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքներ: Հետագա միջոցառումների արդյունքում ահազանգից մոտ մեկ ժամ անց, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, կրակողը բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Հրացանը հայտնաբերվել և առգրավվել է:
Հարուցվել է քրեական գործ, 38-ամյա ոսկետափցին ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: