Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ելույթը՝ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Ներկայացնում ենք ելույթի տեքստային տարբերակն ամբողջությամբ։
«Այսօր ժամը 13:00-ի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս: Ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:
Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական: Սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ
Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք: Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը: Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով։
Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ ընդունել, հասցեական հայտարարություններ: Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով:
Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։
Վերադառնալով սահմանային իրադրությանը՝ ասեմ, որ այս պահին սահմանին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»։