Ես լրատվամիջոցներից եմ իմացել, որ կալանավորված եմ․ Արթուր Սարգսյան

«Ես լրատվամիջոցներից եմ իմացել, որ կալանավորված եմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«1 ժամ առաջ գտնվում էի Ազգային ժողովում, աշխատանքային մթնոլորտ էր, քանի որ վաղն ունեինք ԱԺ նիստ։ Եվ ես լրատվամիջոցներից եմ իմացել, որ կալանավորված եմ, որոշումը փոխվել է։ Ասեմ, որ ոչ ես, ոչ իմ փաստաբանը ծանուցված չենք եղել, որ այսօր նիստ կա։

Ընդամենը իմացել ենք, որ ամսի 12-ին նիստ կա, փաստաբանը միջնորդել է, որ այդ օրն ինքը դատ ունի, այդ ժամանակ դատավորն ուրիշ էր, ազգանունն էլ չգիտեմ։ Եվ այս երկու օրվա մեջ փոխել են դատավորին, և դատավոր է նշանակվել հանրահայտ Արմեն Դանիելյանը, կարծում եմ՝ էլ մեկնաբանությունների կարիք չկա, պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ, ասեմ, որ այս հետապնդումը քաղաքական է։ Ի դեպ, ես վաղն Ազգային ժողովում ելույթ ունեի պատրաստած, որ այս պրոցեսներն ամբողջությամբ քաղաքական են»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը` վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը` կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին։

Կալանավորման հարցը քննում էր դատավոր Արմեն Դանիելյանը»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը ազատ էր արձակվել կալանքից հոկտեմբերի 14-ին։

Նրա նկատմամբ կիրառվել էր 20 մլն դրամի չափով գրավ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար, այն է՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Մասնավորապես՝ Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:

Նախապես՝ մինչև այդ նպատակով գնման ընթացակարգեր նախաձեռնելը, պայմանավորված շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությամբ, համայնքապետի և նրա եղբոր՝ Ավետ Լավրենտի Սարգսյանի նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ Ավետ Սարգսյանը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի № 594 (Ա) որոշմամբ ստեղծվել է «ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9» ծածկագրով մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Գրետա Թունյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ՝ Նունե Գասպարյանը և Գոռ Մանուչարյանը, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Միրզոյանը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Աննա Կարապետյանը:

Հաջորդ օրը՝ 23.12.2016թ.-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն նշված համակարգ «Հիդրո» ՍՊԸ-ի կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով Ավետ Սարգսյանի նախաձեռնությամբ և նրա փոխարեն գնմանը՝ 2016 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, մասնակցության հայտ է ներկայացրել վերջինիս հետ փոխկապակցված՝ նրա ընտանիքի կնքահորը՝ Սեյրան Արիստակեսյանին, պատկանող «Արտաշատի ԷՑՇ» ՍՊ ընկերությունը: Ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար այդ ընկերությունն առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ: Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին՝ մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Գոռպլաստ» ՍՊ ընկերությունը, որին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար վերջինս առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ:

Տեղեկանալով «Գոռպլաստ» ՍՊԸ-ի հայտի մասին և գիտակցելով ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնելու ու դրանով պայմանավորված մրցույթին այդ ընկերության կողմից հաղթող ճանաչվելու անխուսափելիությունը՝ Արթուր Սարգսյանը, ունենալով շահադիտական և անձնական շահագրգռվածություն, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով հանձնարարել է գնահատող հանձնաժողովի քարտուղարին ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր և ամեն կերպ մերժել «Գոռպլաստ» ՍՊԸ-ի հայտը:

Այնուհետև, գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով «Գոռպլաստ» ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու և մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են նշված ընկերության հայտը՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար, մասնավորապես՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի 8-ից 11-րդ, այն է՝ «Շահառու», «Շահառուի ՀՎՀՀ», «Շահառուի բանկը», «Շահառուի հաշվեհամարը» տողերը ենթակա են եղել լրացման Շահառուի, տվյալ դեպքում՝ վերը նշված մրցույթային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես «Գոռպլաստ» ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում Շահառուի կողմից պարտադիր լրացման ենթակա «Շահառուի բանկը» և «Շահառուի հաշվեհամարը» տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ն, որի հետ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման N ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9 պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը՝ Ավետ Սարգսյանին պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության հետ:

Դրանից ընդամենը երկու օր անց` 29.12.2016թ.-ին, համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքապետ Արթուր Սարգսյանն անձնական և շահադիտական այլ դրդումներով, կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող և բովանդակային կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «Է. Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական թիվ 1 ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ.-ի հունվարին:

Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել