Վերջերս Ռուսաստանում ՀՀ դեսպանություն էր դիմել Մոսկվայի մի բնակչուհի և հայտնել, որ ՀՀ քաղաքացիներ եղբոր և նրա կնոջ մահից հետո նրանց երեխաները գտնվում են իր խնամքի ներքո։ Եվ որպեսզի կարողանա ստանձնել անչափահասների խնամակալությունը, գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ երեխաները գտնվեն Հայաստանում, իսկ Հայաստան վերադառնալու համար նրանք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Այս տեղեկությունն անմիջապես արձագանք գտավ ՀՀ ոստիկանությունում։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հետ համատեղ միջոցառումներով ձեռք բերվեցին անչափահասներին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթեր։
Նոյեմբերի 11-ին, ԱՊՀ անդամ-երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադաձնելու համաձայնագրի պահանջների համաձայն, ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողներն անչափահասներին Ռուսաստանից տեղափոխեցին Հայաստան և հանձնեցին Սպիտակի քաղաքապետարանի Խնամակալության և հոգեբարձության մարմնի ներկայացուցիչներին։