«Զանգեզուրի միջանցքի» լիարժեք չեզոքացումը պահանջում է բացառապես ռազմավարական երկարաժամկետ պլանավորում․ Արմեն Պետրոսյան

«Զանգեզուրի միջանցքի» լիարժեք չեզոքացումը պահանջում է բացառապես ռազմավարական երկարաժամկետ պլանավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Արմեն Պետրոսյանը։

««Զանգեզուրի միջանցքը»(«Թյուրքական դարպաս», «Թուրանական միջանցք»,«Նախիջևանի միջանցք») թուրք-ադրբեջանական ռազմավարական նախագիծ է, որի իրականացման չեզոքացումն առնվազն Հայաստանից հնարավորինս պլանավորված, մանրակրկիտ կերպով հաշվարկված ամենօրյա աշխատանք է պահանջում երկարաժամկետ կտրվածքով։

Մարտավարական տեսանկյունից Երևանի խնդիրը կարելի դիտարկել առնվազն երկու շերտում՝

1. հնարավորինս չեզոքացնել Ադրբեջանի համակողմանի և տարաբնույթ ճնշումների հնարավորությունը,

2. ապահովել արտաքին գործընկերների առավել լայն համախոհություն։

«Միջանցքի» նախագիծն ու դրա կենսագործմանը միտված քաղաքականությունն իրենցից ներկայացնում են բազմաշերտ բանաձևումների բարդ համակարգ, որում Բաքվի և Անկարայի կողմից իրականացվել է հստակ դերաբաշխում։

Վերոնշյալի տեսանկյունից Ադրբեջանի դերակատարումն առայժմ սահմանափակվում է Հայաստանին «միջանցքը» պարտադրելու ուղեգծի տիրույթում։

Թուրքիայի խնդիրն ավելի բարձր «տրամաչափի»՝ տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարների հետ «բազառ-սակարկությունների» մակարդակում է։

Առայժմ երկու հարթությունում էլ հաջողվում է կասեցնել քննարկվող նախագծի իրականացումը, բայց այս ուղղությամբ բազմաշերտ աշխատանքների տրամաբանությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ համարժեք «Զանգեզուրի միջանցքի» նույն՝ ռազմավարական բնույթին»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել