Փաստաբանների վեթինգը իրավական առումով թույլատրելի չէ, և որևէ ընթացակարգ՝ դրա հետ կապված, այս պահին չունենք։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Թամարա Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը օրերս ելույթ էր ունեցել՝ տեսակետ հայտնելով փաստաբանների վեթինգի մասին։
«Ես չգիտեմ՝ հետագայում ինչ կանեն, օրենսդրական ինչ նորամուծություններ կփորձեն անել, բայց այս պահին, երևի թե, ուղղակի ասում են՝ ասելու համար, հուսանք՝ ընթացակարգեր չեն սկսի մշակել՝ դրա հետ կապված»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ փաստաբանն անկախ գործունեություն իրականացնող անձ է և որևէ կախվածություն չունի որևէ պաշտոնատար անձից, գործառույթը պաշտպանություն իրականացնելն է՝ իր վստահորդի շահերի օգտին, և փաստաբանի միակ գործատուն վստահորդն է, ում հետ ունի համապատասխան պայմանագիր կնքած․ «Իր աշխատանքը կարող է գնահատել, ընդունել կամ չընդունել իր վստահորդը։ Թե այստեղ ի՞նչ կապ ունի վեթինգի ենթարկումը՝ չգիտեմ»,- նշեց Թամարա Բաղդասարյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է նրանով, որ այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, նա ասաց․
«Եթե փաստաբանը ճանաչում է ձեռք բերում, դա նշանակում է, որ ինքը պետք է վեթինգի՞ ենթարկվի, եթե այդ ճանաչումը զուտ ճանաչում է։ Իսկ եթե պարոն Ջհանգիրյանի խոսքը ենթատեքստ էր պարունակում, ու եթե վեթինգը դրան է վերաբերում, այդ ճանաչումները քրեորեն պատժելի արարքներ են, դրա համար մենք ունենք մի ամբողջ Քրեական օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք, և կարելի է այդ կառուցակարգերը գործի դնել ու նման անձանց, անկախ փաստաբան լինել կամ չլինելու հանգամանքից, համապատսխան դաշտ բերել։ Բայց այդ ամեն ինչը կապել զուտ փաստաբանության հետ, անթույլատրելի է։ Դրա համար այլ ընթացակարգեր կան, պետք չի ամբողջ փաստաբանությանը վերցնել և վեթինգ անել»։
Թամարա Բաղդասարյանի խոսքով՝ փաստաբանը չունի վերադաս։ «Մենք ունենք Փաստաբանների պալատ, որը կանոնակարգում է փաստաբանների ընդհանուր աշխատանքը, բայց երբևէ չի կարող միջամտել փաստաբանի՝ որևէ գործով գործողությունների իրականացմանը։ Հետևաբար՝ վերադաս մարմին փաստաբանը չունի։ Եթե փաստաբանն անում է մի արարք, որը դուրս է օրենքից, միգուցե նաև քրեորեն հետապնդելի է, դա լրիվ այլ տիրույթ է գնում։ Եթե վեթինգը դրսևորվելու է փաստաբաններին մեղադրանքներ առաջադրելով, դա վեթինգ չէ, դանք քրեական գործեր են, որոնք բոլորին կարող են վերաբերել»,- նշում է նա։
Խոսելով որոշ մասնագետների այն պնդումների մասին, որ եթե վեթինգը փաստաբանական ինստիտուտի բերեփոխումների հիմք է, ապա այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, փաստաբանն ասաց․
«Իմ կարծիքով՝ փաստաբանությունը պետք է միասնական լինի, և ես դեմ եմ մի քանի միություններին։ Փաստաբանները պետք է մեկ կառույցում համախմբված լինեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել հանրության շահերի պաշտպանությունը։ Մեր առնչությունն այդ կառույցին որոշակի գործոններով է պայմանավորված։ Մենք գործառույթներ ունենք, օրինակ, օրենքով պարտադիր վերապատրաստումներ ունենք, որոնք կազմակերպում է Փաստաբանների պալատը կամ փաստաբանների շահերի ոտնահարման դեպքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում և այլն։ Ես նպատակը չեմ տեսնում մի քանի միություն լինելու։ Ուժը միշտ միասնականության մեջ է»։
Պաշտպանը կարծում է, որ փաստաբանությունն իր հունով ընթանում է։ Սակայն օրինակ բերեց այն, որ այս պահին քրեական գործերով փաստաբանները շատ լուրջ մարտահրավերների առջև են կանգնած։
«Որովհետև 2022 թվականի հուլիս ամսից ամբողջությամբ փոխվում է մեր ողջ դաշտը՝ քրեական իրավունքի, քրեական դատավարության։ Եվ մի բան էլ այս ամեն ինչին խառնել ինչ-որ այլ բարեփոխումներ, մենք կխճճվենք ու վստահորդներին կկանգնեցնենք փաստի առաջ։ Այս պահին խնդիրն այն է, որ պետք է ամբողջ ուժերը ներդնել փաստաբաններին վերապատրաստելու ու փոփոխություններով գործելու մեջ»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ վերապատրաստման դասընթացներն արդեն կազմակերպվել են Փաստաբանների պալատի կողմից։
«Ես գրեթե բոլորին ներկա եմ եղել, բայց այնտեղ 2500-ից ավել փաստաբաններից ամեն դասընթացին մասնակցում է մոտ 50 փաստաբան, և դեմքերը կրկնվում են։ Ես չեմ կարող ասել, որ մյուսներն այլ տեղերում չեն վերապատրաստվում կամ չեն կարդում նոր օրենսդրությունը, բայց միևնույն է, երբ հեղինակներն են ներկայացնում իրենց գրած օրենսգրքերը և քննարկվում է դա մասնագետների շրջանակում, շատ արդյունավետ վերապատրաստման դասընթաց է ստացվում։ Մենք ոււնենալու ենք իրավիճակ, որ առանցքային փոխվելու է ամբողջ դաշտն ու ունենալու ենք շատ փաստաբաններ, որ առհասարակ տեղյակ չեն լինելու, թե այդ երբվանից փոխվեց կամ այս ինչ փոխվեց։ Ավելի շատ գործող փաստաբաններին պետք է ինտեգրել նոր օրենսդրությանը, քան մտածել այլ բարեփոխումների մասին»,- եզրափակեց Թամարա Բաղդասարյանը։
Լուսինե Հակոբյան