Նա բարոյական իրավունք չունի որպես փորձագետ մասնակցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներին․ Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնում է, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարվել է, որ Արծրուն Հովհաննիսյանն ներգրավված է հանձնաժողովում որպես փորձագետ։

«Պատահակա՞ն է արդյոք, որ նա ներկայացվեց հենց նոյեմբերի իննին։ Համոզված եմ՝ ոչ։ Անկեղծ, ուզում էի անմիջապես արձագանքել այդ հայտարարությանը, բայց հասկացա, որ այն լինելու էր գերհուզական, գերզայրալից, ու որոշեցի, որ նա չարժի իմ հույզերին, իմ զայրույթի»,-նշել էնա։

Ըստ պատգամավորի գրառման՝ Արծրուն Հովհաննիսյանը պետք է պատասխան տա 44-օրյա ստերի, արարքների և գործողությունների համար։

«Արծրունն իրավունք չունի հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավվել որպես փորձագետ։ Նա բարոյական իրավունք չունի որպես փորձագետ մասնակցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Իրավաբան․net-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ լուրը։

Նա նշեց, որ ստացել է առաջարկը և իր համաձայնությունն է տվել։

«Հանձնաժողով ստեղծելը շատ կարևոր է, որպեսզի մասնագիտական օբյեկտիվ քննություն իրականացվի, առանց էմոցիաների, առանց հիստերիաների»,-ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուշացած չէ այդ հանձնաժողովի ստեղծումը, նա նշեց․ «Ուշ չէ, իհարկե։ Նման բաները շուտ չեն էլ անում, ինչքան շուտ ես անում՝ այնքան ավելի էմոցիոնալ է լինում։ Աշխատանքի ծավալը շատ-շատ մեծ է, կարող է մեկ-երկու տարի տևի, դրանք հսկայական քանակի փաստաթղթեր են և ոչ միայն փաստաթղթեր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Արդյոք հնարավոր կլինի հանձնաժողովում ընդգրկվող պատգամավորների հետ արդյունավետ աշխատելը, հաշվի առնելով որ որոշ պատգամավորներ պատերազմից հետո իրեն չեն վստահում, նա ասաց, որ ինքը նման պատգամավորների հետ աշխատել-չաշխատելու բան չունի։

«Ես մասնագետ եմ, ով նայելու է իրադարձություններին, դեպքերին, նյութերին, փաստաթղթերին ու տա իր գնահատականը»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել