Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ամեն օր խախտվել է հրադադարի ռեժիմը։ Նա ասաց, որ մոտավորապես 5-6 օր է եղել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվել։
«Հրադադարը ամենօրյա ռեժիմով խախտվում է Արցախում։ Նախորդ շաբաթ Արցախում ունեցել ենք 1-2 օր, երբ զրո է եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։
Վարչապետը խոսելով քարտեզների և վերատպված քարտեզների մասին, ասաց, որ վերատպված քարտեզները նույնական չեն, որովհետև խորհրդային միության ժամանակ եղել է ավանդույթ, օրինակ՝ կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական Հանրապետություններն իրար տարածքներ են նվիրել։
«Մեր նախնական ուսումնասիությունները ցույց են տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել, և հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ։ Մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր, մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պարտերազմից հետո մեղավորներին և հետևանքներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ հազարին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով։
«Շուրջ 40 մեղադրվող անձ կա, նաև կալանավորված անձինք կան, թիվը մոտենում է մեկ տասնյակին, կարծում եմ, որ գործեր կլինեն, որ կգնան դատարան։ Բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել, այդ խնդիրները կարծում եմ բոլորինս են։ Բանակը գտնվում է բարեփոխումների փուլում։ Մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել և որպես նպատակակետ ունենք պրոֆեսիոնալ բանակի հիմնումն ՀՀ-ում»,-նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգը նրա մասին չէ, որ ՀՀ-ի վրա հարձակվեն, իսկ երկիրը փոխարենը խախղություն քարոզի, այդ օրակարգը նրա մասին է, որ ՀՀ-ն փորձի տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացի։
Վարչապետն անդրադարձավ նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին․ «Այդ հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատերը, երբ եղել են իշխանություն՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել, գործողություններ են արել։ Այսինքն նրան այն ժամանակ թրքացման օրկա՞րգ էին առաջ տանում։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ մենք նշել ենք, որ այդ հարցը մենք նախատեսում ենք կարգավորել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ»։
Նա նշեց, որ իրենք անհոգնել աշխատում են հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին վարչապետն ասաց, որ այն գործնականում ստեղծված է։
«Մինչև հիմա ինչո՞ւ չի ստեղծվել, որովհետև նախ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն, դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց։ Գիտեք, որ պայմանավորվածություն ունենք, որ արտախորհրդարանական ուժերը պիտի ներգրավեն և նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչներ պիտի լինեն։ Գործող օրենքով այդպիսի պրոցեդուրա գոյություն չունի։ Հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց իրենց համաձանությամբ ներգրավել»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է քննվի նաև բանակաշինության հարցը։
«Իմ վարչապետ ընտրվելուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ մեզ այսինչ բանը պետք է, և մենք ասենք՝ գիտեք ինչ փող չկա, որպեսզի դա ապահովեք։ Այդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա ապացույցն են։ Ես ուզում եմ, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականից։ Ոչ մի խնդիր չկա, թող առաջինը քննեն մեր գործողությունները»,-ասաց վարչապետը։