Երբ խոսում ենք, որ Ադրբեջանը պետք է հաղորդակցություն ունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ կունենա հաղորդակցություն Թուրքիայի հետ․ Նիկոլ Փաշինյան

«Ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն, չնայած այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է արվում, և ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կոնկրետ արդյունքների կհասնենք»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Արցախում զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո հանգեցնում են այն մտահոգության, որ այնուամենայնիվ Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղղեգիծ։

«Միջանցքի հետ կապված թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես այդ մասին բազմիցս հրապարակային հայտարարել եմ»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն էլ, Իրանն էլ, Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ շահագրգռված են։

«Եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել։ Սկզբում կատարվել է զուտ տեխնիկական աշխատանք։ Օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել և ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։ Գոյություն ունեցած տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ մենք արդեն նոր կոմունիկացիաների մասին պետք է մատածենք, այդ ժամանակ պետք է մտածենք նոր կոմունիկացիաների մասին։ Մեր ընկալումն այն է՝ այո Ադրբեջանը պիտի Հայաստանի տարածքով, սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա և մենք դա չենք ժխտում և մենք դա ընդունում ենք և մենք պատրաստ ենք։ Մեր ընկալումն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան և Իրան։ Երբ խոսում ենք, որ Ադրբեջանը պետք է հաղորդակցություն ունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ կունենա հաղորդակցություն Թուրքիայի հետ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել