«Անհասկանալի բաներ են կատարվում, արդեն քանի օր է այստեղ ենք, ոչ ոքի պետք չենք, ասես». Գևորգ Արշակյան

Նոյեմբերի 7-ին լրանում է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մահվան մեկ տարին, ինչի կապակցությամբ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ Գևորգը, ասպետը, փիլիսոփան ու մարդը….

Անիծյալ 2020թ-ի հոկեմբերի 1-ն էր ու դեռ չգիտենալով, թե ինչ է մեզ սպասվում, հավատի մեծ հույսով ու մի մեքենա անհրաժեշտ իրեր հավաքած գնացինք Արցախ, որ այդ ամենը հասցնենք Եղնիկներ՝ Մենուայիս:

Ստեփանակերտում իմացա, որ Գևորգը մի խումբ համալսարականների հետ հյուրանոցում է: Շտապեցինք հյուրանոց, ուր գտանք նրան ճաշարանի աթոռների վրա քնած:

Արթնացավ, ջերմ-ջերմ ողջագուրվեցինք ու նստեցինք թեյի սեղանի մոտ: Տարակուսած ու տխուր էր Գևորգը.

-Անհասկանալի բաներ են կատարվում, արդեն քանի օր է այստեղ ենք, ոչ ոքի պետք չենք, ասես: Քանի անգամ դիմել եմ, թե ինձ Մատաղիս ուղարկեք, դա իմ զորամասն է, ամեն քարութուփ գիտեմ այնտեղ, իմ տղաներն են դեռ այնտեղ ծառայում, բայց ոչ մի արձագանք:

Զարմացած ու չարագույժ զգացողությամբ հարցեր ենք տալիս, հարցեր, հարցեր, հարցեր…..: Իսկ նա չի դադարում զայրացած պատմել Արցախի իշխանությունների այդ օրերի համար հանցագործ անկազմակերպվածության ու, ասես, սարքովի թափթփվածության մասին. հետո միայն պիտի հասկանայինք, որ այդպես էլ կար՝ էռատոյի գլխավորությամբ հատուկ քաոս էր ստեղծվում, այստեղ էլ ամուսինը ոռնում էր, թե կասկաներ հագեք գնացեք Սարդարապատի, իսկ այնտեղ հասած տղաները, այն էլ ինչ տղաներ, հյուրանոցներում պարապությունից գժվում էին:

Հանկարծ զանգ եկավ. մայրն էր: Զրուցեցին, մայրը շատ էր անհանգիստ, երևի, որովհետև Գևորգը չափազանց գուրգուրանքով էր խոսում ու հետո էլ հեռախոսն ինձ փոխանցեց, ասելով.
– Մամ, հիմա լսիր, թե ով է ինձ մոտ, ու կհանգստանաս:

Ես վերցրի հեռախոսը ու մեղավոր ժպիտով զրուցեցի տիկին Նաիրայի հետ, փորձեցի հանգստացնել նրան, թեև հոգումս կասկածների սևումութ ամպերը փակել էին ամեն ինչ, բայց դե ՄՈՐ հետ էի խոսում։

Գևորգն ու ընկ. Սամվելը զրուցում էին, փորձում կանխատեսել զարգացումները, իսկ ես նայում էի իմ միշտ ուրախ ու ժպտացող Գևորգին ու հասկանում, որ այլևս ամեն ինչ փոխվել է, որ միշտ «ֆանտաստիկ» Գևորգն այլևս այլ մարդ է, վերջին անգամ գրկեցի Գևորգիս ու անհասկանալի խեղճացած, արցունքոտ աչքերով հրաժեշտ տվեցի:

Հյուրանոցից հետո մտանք նորակառույց եկեղեցի, աղոթել չկարողացա….. ամենակուլ դատարկությունն էր հոգումս, երևի մայրական հոգով զգում էի զավակներիս անկումը, բայց չէի հասկանում….չէի հասկանում…… ինչ խեղճուկրակ է մեր միտքը սրտի համեմատ….. միայն թե հասկանայի, Գևորգ ջան, որ կորցնելու եմ ձեզ։

Նոյեմբերի 7-ին, երբ լսեցի Գևորգի զոհվելու մասին, արդեն բթացած զգայարաններս նորից ծառս եղան, նորից կուչ եկա անճարությունից ու լուռ ոռնացի ցավից «Հայ ասպետ» դպրոցը 2 ուսուցիչ կորցրեց մեկ ամսում, երկու խորախորունկ աչքերով տաղանդավոր զավակ, տաղանդավո՞ր,ինչ աղքատ ու խեղճ են բառերը նրանց նկարագրելու համար։
Նրանք «ֆանտաստիկ» էին, ամենատաղանդ……»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել