«Տաշիր պիցցայի» թիմի հայտարարությունը՝ պիցցերիայում գրանցված թունավորման դեպքի մասին

«Տաշիր պիցցայի» թիմը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Խանջյան 50 և Հյուսիսային պողոտա 18 հասցեներում գտնվող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի կետերը ժամանակավորապես չեն գործում, քանի որ այդ հասցեներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ խնդրի բացահայտման նպատակով։ Մենք մշտապես սերտ համագործակցում ենք համապատասխան տեսչական մարմինների հետ։ Մեզ համար խնդրի բացահայտումը չափազանց կարևոր է, քանի որ մեր հաճախորդների առողջությունը և անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։

Մենք այս պահին զերծ կմնանք հավելյալ մեկնաբանություններից մինչև հստակ տեղեկատվության ստացումը համապատասխան մասնագետների կողմից։

Մասնագետների եզրակացությունից հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։

Առողջապահության նախարարությունը դեպքի առնչությամբ նշել է, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն:

Լուսանկարը՝ «Տաշիր պիցցա»-ի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել