Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն. Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում, ի պատասխան պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի, ասաց, որ 2022 թվականին ստեղծվելու է նոր քրեակատարողական հիմնարկ։

«Մենք 12 քրեակատարողական հիմնարկ ունենք, որոնցից 2-ը հիմա փակում ենք՝ «Կոշը» և «Հրազդանը», և սրանով չի ավարտվում մեր նախագիծը՝  բարելավելու մեր քրեակատարողական համակարգը։ Հաջորդ փուլում մենք նախատեսում ենք միավերել ևս 2 կամ 3 քրեակատարողական հիմնարկներ, բայց ես հիմա դրա մասին չեմ ուզում հրապարակել, որովհետև դա կարող է ավելորդ անհանգստություններ առաջացնել առանձին քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նախատեսվում է, որ եթե 2-ը կամ 3-ը փակվեն, ապա դրանք կմիավորվեն մի նոր քրեակատարողական հիմնարկում։

«Եվ հիմա մենք նախագծման աշխատանքների մեջ ենք։ Ես չեմ կարող խոստանալ, որ 2022 թվականին արդեն ավարտված կլինի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը, բայց որ 2022 թվականին նախատեսվում է բացարձակ մի նոր քրեակատարողական հիմնարկի ստեղծում, դա արդեն ակնհայտ մեզ համար ծրագիր է»,- նշեց Կարեն Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ նոր քրեակատարողկան հիմնարկի տարածքը լինելու է «Էրեբունի» քրեակատորողական հիմնարկի տեղում։

«Եվ եթե մեզ մոտ հաջողվի այս ծրագիրը, այս նոր քրեակատարողական հիմնարկը լինելու է մոդելային։ Ուզում ենք մի նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն, որովհետև այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ, բայց նաև կարող է որոշ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների համար լինի ավելի ցավալի, որովհետև, եթե իրենք ուզում են օրենք խախտել, իրենց չի հաջողվի»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել