2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի» մասին ՀՀ օրենքը:

Քննարկմանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ, չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով: Մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի: Պիտի ուրախությամբ նշեմ, որ 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին, կարևոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 միլիարդ 308 միլիոն դրամով: Արտահանումն աճել է 20 տոկոսով, շինարարության ծավալներն աճել են 7 տոկոսով:

«2022 թվականի բյուջեի եկամուտներն, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելացել է 17 տոկոսով, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 25 տոկոսով: Ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 միլիարդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավել է 10 տոկոսով: 2022 թվականի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկսով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝

անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում,

ենթակառուցվածքների զարգացում,

Կրթության և գիտության արդիականացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել