Տեղեկացվում է, որ սույն թվականի հունիսի 28-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված առանձին դատավորների պաշտոնավարումը սկսելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են որոշումներ, որոնցով փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:
Մասնավորապես, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ նստավայրը 27.09.2021թ. թիվ ԲԴԽ-76-Ո-185 որոշմամբ սահմանվել է որպես Աջափնյակ-1 նստավայր: Նույն որոշմամբ սահմանվել է նաև ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող Աջափնյակ-2 նստավայրը:
Վերոգրյալից բացի, Բարձրագույն դատական խորհրդի 21.10.2021թ. թիվ ԲԴԽ-86-Ն-23 որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ:
Արդյունքում, որոշվել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող բոլոր դատավորները գործելու են ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող Աջափնյակ-2 նստավայրում, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննող քրեական մասնագիտացման առանձին դատավորները գործելու են ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ-1 նստավայրում:
Կապված քաղաքացիական գործեր քննող դատավորների նոր նստավայր տեղափոխվելու հանգամանքով՝ Աջափնյակ-1 և Աջափնյակ-2 նստավայրերի աշխատանքներում կարող են առաջանալ որոշ ժամանակավոր տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավորինս արագ կկարգավորվեն և ներկայումս կարգավորվում են։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները Աջափնյակ-1 և Աջափնյակ-2 նստավայրերի բնականոն աշխատանքն ապահովելու համար։