Իշխանությունը կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել. Տիգրան Աբրահամյան

«Պատերազմից մեկ տարի անց մենք շարունակում ենք մնալ մենակ մեր վշտերի հետ: Այս մեկ տարին վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հարցերի պատասխան մեզ բերել է: Իրականում պետք է փաստենք, որ կա մեծ տեղեկատվություն, որին մինչև այսօր որևէ մեկը չի տիրապետում: Տիրապետում են մի քանի անձինք, որոնք ներկայացնում են իշխանությունը և քողարկում են տեղեկատվությունը, որը կարևոր է մեզ համար»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ օգտագործվելու է այս ընթացքը և պատերազմի հետ առնչվող մի շարք հանգամանքներ ոչնչացվելու են:

«Արդեն իսկ նկատելի է, որ իշխանությունը ոչ միայն քաղաքական, տեղեկատվական առումով այս ամենի համար անհրաժեշտ դաշտ պատրաստել է, այլ նաև կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել, ահաբեկումների միջոցով թույլ չեն տվել, որ խոսեն: Մեր փնտրած շատ հարցերի պատասխան մենք կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանում այս իշխանությունն ուղղակի չլինի»,-նշեց նա:

Ըստ պատգամավորի իշխանության փոփոխության համար իրենց պայքարն ունի տարբեր պատճառներ, որոնցից մեկն այն է, որ իրենք պատերազմի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու հնարավորություն չունեն:

«Միայն այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված 8-րդ դրույթը, որը վերաբերում է՝ գերիների, ռազմագերիների, անհետ կորածների հայրենադարձման հարցերին, ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող տարածքներին՝ որևէ ժամանակային ամրագրում չուներ: Իշխանությունները պատրաստ էին ժամկետի մեջ հանձնել Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները, բայց այդ հայտարարության մեջ մեզ համար որոշակի նպաստավորություն ներկայացնող մեկ-երկու դրույթների հետ կապված որոշակիություն այդպես էլ չմտցվեց»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել