Ճեղքել պատերազմի խավարը, լույս դառնալ․Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գառնիկ Անտոնյանը 21-ամյակը նշեց երկնքում

Գառնիկ Անտոնյանը ծնվել է 2000 թ.-ի հոկտեմբերի 19-ին՝ Երևանում: Զորակոչվել է 2019 թ., թշնամու դեմ կռվել Մարտունիում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում, ղեկավարել է Մարտունի 3-ի 3-րդ վաշտի մարտական գործողությունները: Հանուն հայրենիքի նա ընկել է նոյեմբերի 1-ին՝ ավիացիոն հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:

Ընկերների խոսքով՝ Գառնիկը բազմակողմանի էր զարգացած, սիրում էր սպորտը, բազմաշնորհ էր, ընկերասեր, նա վստահաբար դառնալու էր լավագույն քաղաքացիներից մեկը, որ պիտի արարեր, ստեղծեր, բայց նա նաև այն անհատն էր, որի հոգում ամեն ինչից վեր հայրենիքն էր, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում, ուստի առանց վարանելու որոշեց, որ պիտի հերոսանա և իր կյանքը տա հանուն հայրենիքի:

Հարազատները նշում են, որ Գառնիկը զոհվեց՝ հեռու-մոտիկ հարազատներին, ընկերներին, բոլորին թողնելով հույս, որ իր լույսով երկիրը ոտքի կկանգնի, կուժեղանա ու կհզորանա: Ծննդյան իր 21-ամյակը Գառնիկը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող հարազատներն ու ընկերները հավաքվեցին նրա շնորհիվ ու նրա համար:

Ի հիշատակ Գառնիկ Անտոնյանի, նրա հարազատները՝ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում ստանալով օրհնություն, մոմավառությամբ ու քայլերթով այցելեցին նրա շիրիմին, իսկ տան բակում տեղի ունեցավ ցայտաղբյուրի բացման արարողություն, որը, ինչպես նշեց Գառնիկի հայրը, նվիրված է մերօրյա բոլոր հերոսներին:

«Մենք ցանկացանք ցայտաղբյուր կառուցել՝ մտքում ունենալով վերապրումի գաղափարը: Մեր հերոս տղաների ուժով, հոգով և գաղափարով մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել ու զարգանալ: Նրանք ընկան, որ մենք ապրենք՝ ունենալով հզոր հայրենիք ունենալով, դառնալով ազգ-բանակ ու առաջնորդվելով «ոչ մի թիզ հող թշնաշուն» սկզբունքով»,- ասաց Գառնիկի հայրը՝ Արմեն Անտոնյանը:

Ի նշան խաղաղության՝ ներկաները աղավնիներ բաց թողեցինք երկինք։

Հերոսի տան բակում խոսք ասաց նաև զինկոմիսարը՝ խոնարհվելով բոլոր այն մայրերի առաջ, որոնք առյուծածին որդիներ են բերել. «Որդիներ, որոնց արյան գնով հայրենիք ենք պահել: Հողը, որի վրա հայ զինվորի արյուն է թափվել, չի կարող թշնամունը լինել»:

Համար 136 միջնակարգ դպրոցի տնօրենն էլ, որտեղ սովորել է Գառնիկ Անտոնյանը, նշեց, որ Գառնիկն առանձնանում էր իր մարդ տեսակով, համեստությամբ եւ բարության յուրահատուկ հերպարով. «Գառնիկը վեհ արժեքների, ազգային ու հայրենական գաղափարների կրող էր»:

Գառնիկին ճանաչողները, հեռու և մոտիկ ընկերները վստահեցնում են, որ նա այնտեղ՝ երկնքում, շարունակելու է իր հաղթարշավը, իր օրինակով ու կերպարով ծառայելու է հայրենիքին, արդեն երկնքից շարունակելու է ժպտալ ու ժպիտ պարգևել։

Դիտեք Գառնիկ Անտոնայնի մասին պատմող տեսանյութը․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել