Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում երկու միտք է հրապարակել նախորդ տարիներից՝ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ․

««Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ.

«Ավելի լավ, քան Նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չի… Նա երևույթ է»: Ինձ թվում է լավ է գնահատել»:

Վանո Սիրադեղյան, 1997թ.»։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական գործիչ, 3-րդ Հանրապետության ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ ըստ նրա որդու` Խաչատուր Սիրադեղյանի և կնոջ` Ռուզան Տոնոյանի տեղեկացման։

Կառավարությունից հայտնել են, որ նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։ Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ  Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ «Դեռ հստակ չէ, թե երբ։ Տեղեկությունն իմանալուն պես տեղյակ կպահենք հասարակությանը»,-նշել է նա։

Հայ ազգային կոնգրեսն էլ կառավարությանը կոչ է արել Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել