Պիտի կոալիցիոն ղեկավարություն կազմել․ ՔՊ-ի ներկայացուցիչը՝ ընտրությունների արդյունքների մասին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը  հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ, սթափ մտածելով, հանգում ես հետևյալ մտքին. արտառոց արդյունք չկա:

Հայրաքաղաքը քաղաքական տեսակետից երբեք միագույն չի եղել և պետք էլ չի, որ միագույն լինի:

Հիմա ինչ կարելի է անել /կամ հավանաբար ինչ կարվի/:

Քանի որ քաղաքին հանդարտ, հավասարակշռված կառավարում է անհրաժեշտ, պիտի կոալիցիոն ղեկավարություն կազմել:

Ամենամեծ 2 խմբավորումը միասին ստանձնում են քաղաքի և մարզի ղեկը 2 տարբերակից մեկով.

1-ին տարբերակ.

– հայրաքաղաքի համայնքապետը ընտրվում է ,,Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունից՛՛ /ԲԴՍԿ/, իսկ տեղակալները ,,Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցությունից /ՔՊԿ/
-Շիրակի մարզպետը նշանակվում է ՔՊԿ-ից, իսկ տեղակալները՝ ԲԴՍԿ-ից

2-րդ տարբերակ.
-քաղաքապետ ընտրվում է ՔՊԿ-ից, իսկ տեղակալները՝ ԲԴՍԿ-ից
-Շիրակի մարզպետ նշանակվում է ԲԴՍԿ-ից, իսկ տեղակալները՝ ՔՊԿ-ից:
Դրանից հետո հաշտ ու համերաշխ աշխատում են ինչպես անցած 3 տարիներին, իսկ վիճելի հարցերը լուծվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:

Սա են պահանջում Գյումրու և նրա բնակչության, ինչպես նաև մեր երկրի շահերը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ընտրություններից հետո Համլետ Մոսինյանը հայտարարություն էր արել ֆեյսբուքյան իր էջում, որով պահանջում էր Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել