Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ իշխող խմբակցությունը չի կարող պարտադրել իր որոշումը։ Մանուկյանը կրկին բարձրաձայնեց հատուկ նիստ հրավիրելու ընդդիմության առաջարկի մասին ու նշեց, որ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրությունը մոլորության մեջ է գցում Հայաստանի քաղաքացիներին․ «ԶՈւ-ում ծառայող զինվորի ծնողը պետք է իմանա, թե ինչ պայմաններում է իր զավակը ծառայում»։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Մանուկյանը շեղվում է քննարկվող հարցից և թույլ չտվեց նրան շարունակել իր խոսքը, ինչին Մանուկյանը արձագանքեց․ «Երբ ես խոսում եմ, ձայն չբարձրացնեք»։
Ղազինյանը նշեց, որ ինքը հրաժարվում է հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից ու առաջարկում է անցնել քվեարկության։ Նա կրկին պնդեց, որ պատասխանատու մարմինները պետք է ներկայանան ու ՀՀ-ի անվտանգության, արտաքին սահմանի մասին հարցերին պատասխանեն։
Քվեարկությամբ Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: