Բարձրագույն դատական խորհրդում հոկտեմբերի 18-ին շարունակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Նիստի մեկնարկին Խորհուրդը հայտարարեց, որ հետաձգում է դատավոր Մարաբյանի՝ նախկինում ներկայացրած միջնորդության քննությունը՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Սերգեյ Մարաբյանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։
Ըստ դատավորի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սահմանում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, հակասում է Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասին և 164-րդ հոդվածի 2-րդ մասին։
Խորհուրդը որոշեց ժամանակ տալ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին այս միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Դատավորը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ ևս. Մարաբյանը գտնում է, որ դատավորների նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից վարույթներ հարուցելու հնարավորությունը ևս Սահմանադրությանը հակասում է և այս հարցով էլ ԲԴԽ-ն պետք է դիմի Սահմանադրական դատարան:
Բացի այդ՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար դատավոր Սերգեյ Մարաբյանը ժամանակ խնդրեց:
Խորհուրդը որոշեց նիստը հետաձգել և նշանակել հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին: