Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վստահ եղեք՝ պատրաստ ենք նաև հարված հասցնելուն, ընդորում՝ ծանր հարված․․․
Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք, համառելու ենք, տուրք չենք տալու Ձեր սադրանքներին, էժանագին շահարկումներին, ցեխարձակումներին, ամենակարևորը՝ չենք ընկճվելու։
Հասկանում եմ, որ երբեմն դառնորեն ցավեցնում ենք Ձեզ՝ մեր հրապարակային խոսքով խփելով ճիշտ թիրախին, այնտեղ, որտեղ տապալվել եք, ձախողվել եք, որտեղ կորցրել եք բանականության նշույլն ու մարդկային խիղճը։
Բայց մի հարցում երբե՛ք չենք հատել կարմիր գիծը․ մենք երբե՛ք չենք անցել քաղաքավարության կանոնները, երբեք որևէ մեկին չենք վիրավորել։
Ցավոք սրտի, Դուք՝ ներկաներդ ու նախկիններդ, ստեղծել եք մի մթնոլորտ, որ եթե քաղաքական մրցակիցները մեկը մյուսին չեն ասում «Քոչարյան մարդասպան», «Կոռուպցիոներ Սերժ Սարգսյան» կամ «Նիկոլ Դավաճան», ուրեմն ինչ-որ բան այն չէ, ուրեմն՝ ինչ-որ ներքին պայմանավորվածություններ կան։
Դուք եք մեկդ մյուսի հաճախորդն ու սատելիտը, որ հիմա ներքուստ իրար միս եք կրծում։
Դուք բոլորդ ամեն ինչ արեցիք, որ ունենանք այսպիսի գաղջ, քոքահան չեղած քաղաքական միջավայր։
Դուք բոլորդ այս իրավիճակի պատասխանատուն ու ճարտարապետներն եք։
Մենք նոր ենք, կարող ենք անգամ սխալվել ու կսխալվենք էլ, բայց մի բանում վստահ եղեք՝ Ձեր նման հաստատ չենք լինելու․․․
Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ հարվածներ հասցնելն ու ստանալն անխուսափելի է, բայց լկտիությունը, սանձարձակությունը չպետք է տեղ ունենա մեր կյանքում, և քաղաքականության մեջ նույնպես։
Մենք պատրաստ ենք հարվածներին, բայց վստահ եղեք՝ պատրաստ ենք նաև հարված հասցնելուն, ընդորում՝ ծանր հարված․․․»։