Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
Վարչական դատարան ներկայացված դիմումով հետևյալ հիմնական փաստարկներն ենք պնդել:
1. Առողջապահության նախարարն իրավասու չէր ընդունելու մարդու հիմնական իրավունքները սահմանափակող նորմատիվ իրավական ակտ.
ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ առողջության պաշտպանության նպատակով: Առողջապահության նախարարի հրամանով, որը օրենք չէ, փաստացի սահմանափակվել է մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը:
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 4-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մեր տեղեկություններով վիճարկվող հրամանի ընդունման ժամանակ Հայաստանում չի գործել ՀՀ կառավարության կողմից սահմանված սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածից հետևում է, որ Առողջապահության նախարարն իրավասու չէր մշակել, հաստատել և վերանայել սանիտարական կանոնները, քանի որ Հայաստանում չի գործում Կառավարության կողմից սահմանման ենթակա սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը:
2. Առողջապահության նախարարը պարտավոր էր հանրային քննարկում կազմակերպել.
Սանիտարական օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներն ունեն պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք:
Այս նորմից հետևում է, որ առողջապահության նախարարը պետք է առնվազն հանրային քննարկման ներկայացներ Վիճարկվող հրամանը:
3. Առողջապահության նախարարը խախտել է կամայականության արգելքի և համաչափության սկզբունքները.
Վիճարկվող հրամանով Առողջապահության նախարարը տարբերակված մոտեցում է ցուցաբերել՝
• պատվաստվածների և չպատվաստվածների նկատմամբ.
• չպատվաստվածների խմբում՝ չպատվաստվածների և չպատվաստված, սակայն պատվաստվման հակացուցումներ ունեցող անձանց նկատմամբ:
Առողջապահության նախարարն ընդունել է, որ պատվաստվածները նույնպես վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ և կարող են վարակը փոխանցել այլ անձանց:
Այս պայմաններում, ստացվում է, որ պատվաստվածներին ՊՇՌ հետազոտության ենթարկվելու պարտականությունից ազատելով, առողջապահության նախարարը չի լուծում հիվանդությունից կանխարգելման խնդիրը, այն պարզ պատճառով, որ պատվաստված քաղաքացին կարող է վարակվել կորոնավիրուսային հիվանդությամբ և այցելելով աշխատանքի վարակել ինչպես ՊՇՌ սերտիֆիկատ ունեցող չպատվաստված քաղաքացիներին, այնպես էլ պատվաստված քաղաքացիներին:
Պետական մարմիններն իրական կանխարգելում չեն իրականացնում, մասնավորապես՝ թույլատրելով հանրային մարդաշատ միջոցառումներ, տրանսպորտային միջոցներում մարդկանց մեծ հոսք (Տես 21.09.2021թ. Հանրապետության Հրապարակի միջոցառման և 29.09.2021թ. երթուղային տրանսպորտային միջոցների լուսանկարները հետևյալ հղումով։
Այս պայմաններում, Վիճարկվող հրամանն ընդունելով Առողջապահության նախարարը չի լուծել խնդիրը, քանի որ կանխարգելման նպատակին հասնելու այս միջոցները պիտանի չեն, բավարար չափով անհրաժեշտ չեն:
4. Առողջապահության նախարարը սահմանափակել է քաղաքացիների բժշկական միջամտությունից հրաժարվելու իրավունքը.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի» 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից …….(բացառությունները սույն դեպքին չեն վերաբերում):
Ստեղծված իրավիճակում, Առողջապահության նախարարը քաղաքացիների համար սահմանել է երկու տարբերակ՝
– առաջին՝ բժշկական միջամտություն- պատվաստվելու միջոցով.
– երկրորդ՝ բժշկական միջամտություն- ՊՇՌ հետազոտություն անցնելու միջոցով:
Եթե աշխատող քաղաքացին չի ընտրում բժշկական միջամտություններից որևէ մեկը, բախվում է իր աշխատանքային իրավունքների սահմանափակման խնդրի հետ:
Ստացվում է, որ առողջապահության նախարարն իր հրամանով սահմանափակել է օրենքով քաղաքացուն շնորհված իրավունքը:
Բեռնել վարչական դատարանի դիմումի տեքստը՝ այստեղ։