ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը և այդ արարքի կատարման համար նախատեսել հինգից յոթ տարի ժամկետով ազատազրկումը՝ որպես պատիժ, ինչպես նաև սահմանել 8-12 տարի ազատազրկում, եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության և անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին:
Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորինս կնվազի քննիչ հանձնաժողովներին և դրանցից առանձնահատուկ կարգավիճակ և կանոնակարգումներ ունեցող պաշտպանության և անվտանգության ոլորտի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկությունների տրամադրումը, ինչով էլ քննիչ հանձնաժողովների աշխատանքը և զեկույցը կլինի հանգամանալից և ճշմարտացի՝ արտահայտելով բացառապես իրական և փաստերի վրա հիմնված օբյեկտիվ իրականությունը, իսկ դրանից շեղվելու փորձեր կատարողները, այդ թվում միջամտության, կեղծ կամ սուտ տեղեկության տրամադրման մասով կենթարկվեն քրեական պատասխանատվության, դրանով իսկ ապահելով նման արարքների կանխարգելման քրեաիրավական նպատակը: