Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպման սկզբում երկուստեք բարձր ենք գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:
Նշել եմ, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարեցինք հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:
Անդրադարձանք նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը:
Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը»: