Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«47 հազարերորդ անգամ զգուշացում. սա իրական չէ, էջերը գողանալու համար է։ Չհավատաք։ Մեր ոխերիմ բարեկամներն են անում»։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն էլ իր հերթին ավելացնում է, թե ինչպես է այն գործում/
«Ֆեյսբուքյան էջը թեգ են անում, որպեսզի ադմինները ծանուցում ստանան։ Ծանուցման տեքստը դասական ֆիշինգային է՝
1) Վախեցնում կամ ուրախացնում են (կոնկրետ այս դեպքում գրում են, որ դուք խախտել եք ֆեյսբուքի կանոնները),
2) Մղում են գործողության (սեղմեք այս հղումը, որ հաստատեք, որ․․․ ու ինչ-որ անհեթեթություն),
3) Ստեղծում են հրատապության խաբկանք, որ մտածելու, վերլուծելու ժամանակ չունենաք (եթե 24 ժամում սա չանեք ձեր օգտահաշիվը կկասեցվի)։
Կից տեսանյութում նաև ներկայացրել եմ, թե ինչ է կատարվում, եթե այնուամենայնիվ սեղմում եք հղումը։ Կարճ նկարագրեմ․
Ձեզ վերաուղորդավորում է մի էջ, որը շատ նման է ֆեյսբուքին, բայց հասցեի դաշտում երևում է, որ դա ֆեյսբուքը չէ։ Այնտեղ ձեզ ստիպում են ներմուծել ֆեյսբուքի մուտքային տվյալները, որպեսզի այդ տվյալները գողանան։ Հետո էջը մեկ անգամ էլ է վերաուղորդավորվում, և դուք հայտնվում եք արդեն ֆեյսբուքում։ Եթե խայծը կուլ եք տվել կամ ուշադիր չեք եղել, հնարավոր է անգամ չնկատեք, թե ինչպես գողացան ձեր գաղտնաբառը»։