Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Իշխող մեծամասնությունը 5-րդ անգամ չընտրեց Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Կողմ» քվեարկեց միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Վերջինս լքեց նիստը մինչև քվեարկությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ եթե «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրի նույն թեկնածուին և նա չընտրվի, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ և հարցը կկարգավորի այլ ճանապարհով։

Կկատարվի հետևյալ փոփոխությունը․ «Եթե նույն անձը 2 անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը նոր թեկնածություն»։

Նշենք, որ նիստի ընթացքում Ղազինյանը առաջակում էր խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով օրակարգում  ներառել ևս մեկ հարց․ «Մասնավորապես, հայտնի դարձավ, չհերքվեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։ Եթե ամսի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք մոտավորապես 3600-ից պակաս զոհ»։

Նա պնդեց, որ իր առաջարկը պետք է ներառել հանձնաժողովի օրակարգում, քննարկել, ուսումնասիրել և պատերազմում ընկած զինվորների ծնողներին ու հարազատներին տալ սպառիչ պատասխան՝ ինչո՞ւ չի կանգնեցվել պատերազմն ու ովքե՞ր են այն չկանգնեցնելու որոշումն ընդունողները և ի՞նչ պայմաններում։

«Ձեր առաջարկն արեցիք, գնում ենք առաջ», – արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն անընդունելի համարեց այս գործելաոճը շարունակելը․ թեկնածուին անընդհատ նույն հարցեր տալն ու հետո նրան դեմ քվեարկելը և շեշտեց, որ անիմաստ քննարկմանն իրենք չեն կարող մասնակցել։

Մանուկյանը հեռացավ նիստից, նրան հետևեց Արթուր Ղազինյանը՝ մինչ այդ հայտարարելով, որ իր կարևոր առաջարկը մերժվեց, որովհետև իշխանությունը շահագրգռված չէ պարզել, թե ինչ հանգամանքներում է կայացվել պատերազմը չկանգնեցնելու որոշումը, ուստի հանձնաժողովի օրակարգն իր համար էլ է սպառված։

«Մեծ-մեծ չխոսեք, դուռը չշրխկացնեք», – արձագանքեցին պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել