«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ: 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատական ակտերով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր ընդհանուր շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրքի գումար: 

Բռնագանձումն իրականացնելու նպատակով դատարանը 2019թ. մարտի 6-ին տվել է կատարողական թերթ, որի հիմքով 2019թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ, արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա: Իսկ հարկադիր ծառայողի 2020թ. փետրվարի 24-ի որոշմամբ մի ՍՊԸ նշանակվել է փորձագետ և վերջինիս առաջադրվել է գնահատել Երևանի ոսկերչական գործարանին պատկանող՝ ոսկերչական և ադամադյա մի քանի թանկարժեք իրերից կազմված գույքի արժեքը: 

Պարզվել է, որ վկայակոչած գույքի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 83.5մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ ստացված տվյալներով ընդհանուր 83.5մլն դրամ հաշվեկշռային արժեքով այդ իրերը նշված ՍՊԸ ոսկերիչ-փորձագետի կողմից գնահատվել է շուրջ 2.5 անգամ ցածր գնով՝ ընդամենը՝ 38.3 մլն ՀՀ դրամով:

Հետագայում՝ այդքան գնահատված գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի արդյունքում մի քաղաքացի այն ձեռք է բերել հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով, ընդամենը՝ 21.5 մլն ՀՀ դրամով:

Այսինքն, նշված ՍՊԸ ծառայողները, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, պատրաստել են իրականությանը չհամապատասխանող հաշվարկ, այն ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, ինչի արդյունքում Գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է իրական (հաշվեկշռային) արժեքից անհամեմատ ցածր գնով՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ, պատճառելով շուրջ 50մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, էական վնաս պատճառելու, ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ավել վաղ տեղեկացվել էր, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հայցի հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության պայմաններում դրանք դատարան չներկայացնելու, հետագայում, նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված վճռաբեկ բողոքի թերությունները չվերացնելու արդյունքում ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից ԲԲԸ-ի զրկվելու, նաև շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ ծանրաբեռնվելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել