Տվյալ կազմակերպության կամ կառույցի ղեկավարի կողմից նշանակված կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուն իրականացնում է շարունակական դիտարկում բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաև առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը՝ կատարելով համապատասխան գրառում՝ սահմանված գրանցամատյանում:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից և առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո, եթե անձը չի պատվաստվել, ապա պետք է ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը: Մեկ դեղաչափ պատվաստումից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը, եթե չի ներկայացվել տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատը, ապա պետք է ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը:
Պատվաստումների բժշկական հակացումները լինում են բացարձակ և ժամանակավոր: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: