Առաջիկա տարիներին Հայաստանի մարզերի խոշոր քաղաքներում կհիմնվեն 16 Թումո կենտրոններ, փոքր համայնքներում 110 Թումո տուփեր, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանիների համար:
Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Թումոյի 10-ամյակի, Գյումրիում վերակառուցված կենտրոնի ներկայացման և «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Նախաձեռնությանը 10 միլիոն դոլար նվիրաբերած Եմենիջյան ընտանիքից միջոցառմանը ներկա էր Արմեն Եմենիջյանը:
Նվիրաբերությունն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու նպատակով: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու համար Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք, որի առաջին երկու տարում հավաքված 10-ական միլիոն դոլարը երաշխավորել են կրկնապատկել ՀԲԸՄ-ն և Էլի և Էլզբիեթա Աքիլյանները: «Թումո Հայաստան» նախաձեռնությանն աջակցելու համար այցելեք հղմամբ»,- ասված է հայտարարության մեջ