Կարո՞ղ եք երաշխավորել, որ մի շարք գյուղեր չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար:

Արդյո՞ք այս թեմայով բանակցություններ իրականացվում են, կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է նախատեսված նոր երթուղին: Մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Քաշաթաղի շրջանի այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղեը, այլ Շուշիի շրջանի՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր, Կանաչ թալա, Տասը Վերստ գյուղերը: Կարո՞ղ եք արդյոք հստակ արձանագրել կամ երաշխավորել, որ չի հաստատվի Հայաստանն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի պայմաններում թվարկածս գյուղերն ավտոմատ կերպով կանցնենք Ադրբեջանի վերահսկողության տակ, թեկուզ անկլավի կարգավիճակով»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Մեր մասնագետներն X պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն: Ինչպես դուք նշեցիք դա պետք է տեղի ունենք երկկողմ համաձայնությամբ: Քննարկումների ընթացքում կարվի առավելագույնս Արցախի և Հայաստանի շահերի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել