Ռաֆայել Զաքարյանն ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Զաքարյանն է աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին ֆեյսբույքյան իր էջում հայտնել է ինքը Զաքարյանը՝ շարունակելով.

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ Ծառայության ձևավորման սկզբնական շրջանում՝ ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները:

Առանձնահատուկ շնորահակալություն եմ հայտնում Ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ծառայության համար փորձություններով լի ժամանակահատվածում համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև Ծառայության աշխատակիցներին՝ ցուցաբերած բարձր ցուցանիշների, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անբասիր ծառայության համար:

Հայտնում եմ, որ աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ պետական կառավարման համակարգում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել