Ալեն Սիմոնյանը ռազմագերիների հարցը քննարկել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

«ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակադակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարեւորեց Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Նա ընդգծեց, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ: Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված եւ ճկուն արտաքին քաղաքականություն:

Իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր գնահատեց ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաեւ վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշվեց, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը:

Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք հայտնեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Կողմերը մանրամասն քննարկեցին Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանականներին 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել