Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարություն է արել ու նշել, որ Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն։
«Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել.
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը:
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը:
Այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող« Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:
Լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշմամբ:
COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ:
Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոոխություններ կատարելու մասին նախագծով»,-նշված է հայտարարության մեջ:
Երեկ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգին։
Համաձայն դրա՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։
Ավանեսյանը նշում է, որ չներկայացնելու դեպքում աշխատակցի մուտքը աշխատավայր կարող է նաև արգելվել։ Թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի։
Նշենք նաև, որ Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։
Եվ այսպես․
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։
Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար.
• պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,
• փակ արտադրական տարածքների,
• գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
• շինարարական հրապարակների,
• մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,
• հանրային սննդի օբյեկտների,
• հյուրանոցային տնտեսության օբյեկտների,
• բուժհաստատությունների,
• դեղատների,
• սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
• մարզադպրոցների,
• վարսավիրանոցների, գեղեցկության սրահների
• հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,
• նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,
• հանրակրթական ուսումնական հաստատությունների,
• նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,
• գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,
• լրատվամիջոցների
• ցամաքային ուղևորատար տրանսպորտի,
• օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,
• սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։
Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։
Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ:
Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները:
Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։