Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
1925թ. Շվեյցարիայում տեղի է ունեցել Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Տեղեկացնենք, որ այսօր` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ:
«Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական ծանոթ համույթները, այնուհետև նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչև ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:
Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:
Ի դեպ, երեխաների սիրած քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերություններն այդ օրը Կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում հատուկ անակնկալներ են պատրաստել փոքրիկների համար։
Իրավաբան.net