Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
ՃՏՊ-ի հետևանքով 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։