Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ COVID-ից սեպտեմբերի 1-ին 19 մահ է գրանցվել ՀՀ-ում։
Նախարարը նշում է, որ «Դելտա» շտամը աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, բացի դրանից՝ հիվանդության ընթացքը ավելի ծանր է։
«Հիվանդության երիտասարդացում ենք նկատում։ Նախորդ շաբաթ ասել էի, որ ունենք 20 և 28 տարեկան երիտասարդներ, ցավով պետք է նշեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուստի, սա մեզ իսկապես ահազանգ է, որ բոլորս պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ բնակչության առողջությունն ու կյանքը պաշտպանենք», – ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, թե այս պահին կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է:
«Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառության ապարատին միացված է 51 քաղաքացի», – ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, թե այս պահին Հայաստանում պատվաստվել է 293 հազար 955 քաղաքացի:
«Նկատում ենք շատ մեծ հոսք, ինչը ողջունելի է», – ասաց Առողջապահության նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։