Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին:
Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին: Հիմա մենք պետք է կենտրոնանանք կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա: Օրենսդրությունը սրա համար սահմանում է եռամսյա ժամկետ: Իհարկե, մենք արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք միջոցառումների ծրագրի նախագծի վրա, բայց ես հույս ունեմ, որ արդյունքում կունենանք մի փաստաթուղթ, որը մեր ամենօրյա գործունեության և անելիքների պլանը կդառնա:

Ինչպես արդեն պայմանավորվել ենք, միջոցառումների ծրագիրը պիտի բխի կառավարության ծրագրից, իսկ կառավարության որոշումները՝ միջոցառումների ծրագրից: Բացի, Աստված մի արասցե, արտակարգ դեպքերից, կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, վերջինս էլ իր հերթին՝ կառավարության ծրագրից:

Ուզում եմ հիշեցնել, որ Կառավարության ծրագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ ծրագիրը հենված է նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա: Խոսքը տվյալ դեպքում նաև բանավոր խոստումների մասին է: Ըստ այդմ՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ նախատեսված և չնախատեսված հանդիպումների տեսանյութերը և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրի մեջ: Մի տեղ մարդիկ ճանապարհի հարց են բարձրացրել, մյուս տեղում՝ դպրոցի կամ մարզագույքի, երրորդ տեղում՝ երիտասարդական կենտրոնի: Ամեն ինչ պետք է ներառված լինի միջոցառումների ծրագրում:

Պիտի ասեմ, որ 2021թ. հունիսի նախընտրական քարոզարշավի առանցքային և շրջադարձային կետն այն էր, երբ մենք, անցնելով 2018թ., այսինքն՝ նախորդ նախընտրական քարոզարշավի կանգառի կետերով, տեսանք, որ 2018թ. տրված տեղային խոստումները շատ արագ իրագործվել են: Ընդ որում՝ կատարված աշխատանքը կարևոր էր նրանով, որ դրանց իրագործումն սկսվել էր 2018թ. դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո՝ 2019-2020թթ., մի ժամանակահատվածում, որ որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ 2021թ. արտահերթ ընտրություններ են լինելու: Նկատի ունեմ՝ այդ աշխատանքներն ակնհայտորեն ձայն հավաքելու տրամաբանության մեջ չէին իրականացվել: Ընդ որում՝ ես խոսում եմ հաճախ ոչ մեծամասշտաբ նախագծերի մասին: Մի տեղ մի գյուղական նշանակության 1-2 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվել, մի տեղ՝ մի քանի 100 մետրանոց ջրագիծ, մի տեղ՝ մի փոքր մասնաշենք, մյուս տեղում՝ մի փոքր մանկապարտեզ: Բայց այս աշխատանքի քաղաքական էֆեկտը հսկայական էր երկու պատճառով: Առաջինը՝ ի ցույց է դնում մեր հարգանքն ու ծառայությունը մարդու, քաղաքացու նկատմամբ: Եվ երկրորդը՝ նման նախագծերն իրականացվել են համատարած, և մարդիկ դա տեսել են ոչ թե հեռուստաէկրաններից, այլ իրենց պատուհաններից:

Այնպես որ, 2021թ. մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնիսկ քայլելիս հընթացս մարդկանց ասած ամեն խոսք ու խոստում պիտի տեղ գտնի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Եվ սրա համար անհրաժեշտ է, որ կոնկրետ խումբ ձևավորվի, որը այս հայացքով ևս մեկ անգամ կդիտի նախընտրական քարոզարշավի տասնյակ ժամեր տևող տեսանյութերը և կառանձնացնի մեր անելիքները՝ ըստ խմբերի և ոլորտների: Իսկ ռազմավարական այն ծրագրերը, որոնք եղել են նախընտրական քարոզարշավի առանցքը և այսօր կազմում են կառավարության ծրագրի առանցքը, պիտի դառնան նաև միջոցառումների ծրագրի առանցքը:

Հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք:

Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող: Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ: Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ամեն դեպքում, պարոն Պապիկյան, պարոն Սանոսյան, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, պիտի իրականացնենք մինչև տարվերեջ. Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար:

Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք:

Հարգելի գործընկերներ,

ամփոփելով ասելիքս՝ կրկին խնդրում եմ ուշադրություն դարձնել կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի որակի վրա: Ծրագիրը պետք է ներառի կառավարության, յուրաքանչյուր նախարարության կամ գերատեսչության ամենօրյա անելիքը, կառավարության որոշումները պետք է բխեն այդ ծրագրից: Ըստ այդմ՝ առաջարկվող և հաստատվելիք միջոցառումները պետք է լինեն չափելի, իրականացման արագ տեմպի սկզբունքի վրա հիմնված, բազային, միջանկյալ և վերջնական ցուցիչների գնահատականներով, միջոլորտային սինխրոնիզացված և ֆինանսավորման արդյունավետ մոդելի նկարագրությամբ: Ու սա, իմիջիայլոց, ռազմավարական կառավարման անցնելու մեր տեսլականն իրագործելու շրջադարձային պահ է, և պլանավորման որակը շատ բանով կանխորոշելու է մեր հաջողությունը մեր երկիրը զարգացնելու և շենացնելու գործում:

Շնորհակալ եմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել