«Զրոյից» բիզնես ստեղծել ցանկացողներն այժմ հնարավորություն ունեն իրագործելու իրենց գաղափարները․ նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ««Զրոյից» բիզնես ստեղծել ցանկացողներն այժմ հնարավորություն ունեն իրագործելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները:

«Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակում մասնակիցները հատուկ մշակված դասընթացների միջոցով նախ ձեռք են բերում ձեռնարկատիրական գիտելիքներ, այնուհետև ներկայացնում են բիզնես պլան և ստանում ֆինանսավորում արտոնյալ պայմաններով՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։

Միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Օգոստոսի 26-ին մեկնարկել են ծրագրի մասնակիցների 33–րդ և 34–րդ խմբերի դասընթացները։ Մինչ այս դասընթացներին արդեն հասցրել է մասնակցել 395 շահառու․ 90-ն ընթացիկ փուլում են։

Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներն անցկացվում են առցանց ուսուցման ձևաչափով` նվազագույնը 15, առավելագույնը 17 մասնակցից կազմված խմբերով։ Դասընթացները տևում են 18 աշխատանքային օր և անց են կացվում օրական 2 ժամ տևողությամբ։

Դասընթացը բաղկացած է 4 փոխկապակցված բաժիններից՝ «Գործառնական կառավարում», «Մարքեթինգ», «Ֆինանսական կառավարում» և «Բիզնեսի իրավական ասպեկտներ»:

Ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացների ընթացքում մասնակիցները ստանում են բիզնես սկսելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու ձեռք բերում նոր հմտություններ, որոնք առանցքային կարևորություն ունեն բիզնեսը գրագետ հիմնելու և առաջ տանելու գործում։

Դասընթացավարները բացի գիտելիք և ոլորտային տեղեկատվություն տրամադրելուց, օգնում են մասնակիցներին իրենց գաղափարները վերածել բիզնես մոդելների։

Դասընթացի ավարտին մրցունակ բիզնես մոդել ներկայացրած հայտատուները արտոնյալ վարկավորման նպատակով վարկային երաշխավորություն են ստանում։ Դասընթացների իրականացումը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, ինչպես նաև Գործարարության աջակցության գրասենյակի ակտիվ օժանդակությամբ։

Դասընթացների տեխնիկական կազմակերպման գործառույթն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի կողմից։

Դասընթացներին մասնակցության հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղումով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոն, հեռ․՝ 8105 (աշխատանքային բոլոր օրերին, ժ․ 09։00-18։00)»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել