Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցին զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:
Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց, որ Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին:
«Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը դանակահարության վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»,- նշեց Փաշինյանը:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:
«Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,-նշված է հայտարարության մեջ: