Ազգային ժողովում պատգամավոր Արթուր Վանեցյանը նշեց, որ մինչև հիմա տեղյակ չենք՝ Սյունիքը կտրված է ՀՀ-ի մյուս մարզերից, թե՝ ոչ։
«Պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ 1 սմ խախտեն, կիրառվելու է ուժ, և թշնամին դուրս է շպրտվելու: Պարո՛ն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՝ ոչ: Կուզեի՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնար այս հարցին՝ ասելով՝ ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,-ասաց նա՝ դիմելով դահլիճում գտնվող վարչապետին ու պաշտպանության նախարարին:
Նա նշեց, թե երեկ ԱԺ-ում հայտարարություններ են եղել, որոնցով սպարապետ Վազգեն Սարգսյանը մեղադրվել է ծանր հանցագործությունների մեջ: «Մեկը պետական հեղաշրջում իրականացնելն էր, մյուսը՝ հայրենիքի դավաճան լինելը: Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, և այդ ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից, որոնց անձամբ ճանաչում եմ»,-ասաց նա:
Ըստ Վանեցյանի՝ կառավարության 5-ամյա ծրագրում լավ գաղափարներ կան, սակայն չկա երաշխիք, որ այդ ծրագիրը կատարվելու է: «Նման եզրահանգման հիմք են տալիս երկրում այսօր առկա մթնոլորտն ու հասարակական տրամադրությունները, նման եզրահանգման հիմք է տալիս գործող իշխանությունը, որն ինչքան ուժ ունի, չի հասկանում: Այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀ-ում լրագրողների, պատգամավորների, համայնքապետների և մյուսների հանդեպ, վախ չունենալու արդյունք է. վախ չունեն, որովհետև չեն հասկանում: Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կանգ առեք, ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպի մի նոր ու վտանգավոր ծուղակ: Այդ ծուղակի էությունը հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։