Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբ․ ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես արդեն ասացի, որ իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը։ Նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Վարչապետին չեմ տեսել, որովհետև ակնոցս ջարդվեց, հիմա էլ չեմ տեսնում։ Ակնոցս ոտքիս տակ է ընկել»,-նշեց Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:
Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդմիջում հայտարարվեց մինչև 12։00-ն, և ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։