Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի։
Իրավաբան․net-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արթուր Վանեցյանի պահանջում է՝ պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև հրապարակել հերքման տեքստ, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
Առայժմ գործը որևէ դատավորի մակագրված չէ։ Հանրային հեռուստաընկերությունը ներգրավվել է որպես 3-րդ անձ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուրգեն Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե «Պատիվ ունեմ» դաշինքը Հայաստանին շատ վնաս է տվել. «Արցախի պատերազմում ո՞ւր էին իրանք։ Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր։ Որտե՞ղ կռվավ։ Ասեք տեղը, որտեղ կռվելա ու պահելա մինչև վերջ։ Կա՞ տենց տեղ։ Կարա՞ ասի՝ էս հատվածում ես կռվել եմ ու պահել եմ մինչև նոյեմբերի 9-ը»։
Նշենք, որ Մելքոնյանը 1998-2000թթ.՝Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատարն է եղել: 2000-2008թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով, ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ:
2000թ. արժանացել է գեներալ-մայորի, 2003թ.՝ գեներալ լեյտենանտի կոչման:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: