Կաթողիկոսը իր հոբելյանը չի նշելու, որևէ միջոցառում չի իրականացվելու

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու: Այս մասին, Վեհափառ Հայրապետի 70-ամյակի առիթով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան, «Արմենպրես»-ին հայտնել է  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

«Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեդարձն է, լրանում է Հայրապետի ծննդյան 70-ամյակը, սակայն, ելնելով բոլորին հայտնի հանգամանքներից, Վեհափառ Հոր մասնավոր ցանկությամբ հոբելյանը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու»,- նշել է նա՝ հավելելով, որ «Ամենայն Հայոց Հայրապետն այս առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղում համայն մեր ժողովրդին և աղոթում Հայաստան և Արցախ հայրենի մեր աշխարհի խաղաղության, ապահով և անվտանգ կյանքի համար»։

Վահրամ ավագ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճամփորդում է, Նորին Սրբությունը Մայր Աթոռի ծրագրերին առնչվող այցերով եղել է Շվեյցարիայում և Ավստրիայում։ «Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և Ավստրիայում՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու՝ Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի հետ։ Աշխատանքային հանդիպումներին հաջորդած իր արձակուրդային օրերից հետո Վեհափառ Հայրապետն օգոստոս 25-ին կվերադառնա Մայր Աթոռ»,-  հայտնել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել