Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ։ ТАСС-ը փոխանցում է, որ այցի ընթացքում հայտարարել է, թե իրականացնում են հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։
«Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ սահմանը հայերի վերահսկողություն տակ է եղել 30 տարի։ «Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։