Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։
Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սադրիչ և ահաբեկչական քայլ:
«Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն», – նշել է ԱՀ ԱԳ նախարարը: