Դատարանը մերժել է Մխիթար Զաքարյանի պաշտպանի միջնորդությունը. ԱԺ պատգամավորը կմնա կալանքի տակ

Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մխիթար Զաքարյանին կալանքից ազտելու միջնորդությունը մերժվել է:

Նա նշել է, որ Մխիթար Զաքարյանին կալանավորելիս դատավորն ասել էր, որ քննության սկզբնական փուլում, երբ առկա են մեծածավալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, պետք է նրան կալանավորել, որպեսզի բացառվի դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը։

Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել առ այն, որ նախաքննությունն ավարատվել է, այլևս որևէ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, հետևաբար ազատության մեջ հայտնվելով մեղադրյալը չի կարող խոչընդոտել գործի քննությանը:

Ի պատասխան պաշտպանի ներկայացրած միջնորդության դատարանն արձանագրել է, որ  09.08.2021 թ. թիվ 45100721 քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և ծանոթացման համար գործի նյութերը քննիչի կողմից ներկայացվել են մեղադրյալ Մխիթար Զաքարյանին և նրա պաշտպանին , սակայն դեռևս պետք է պարզվի, թե նրանք ունեն արդյոք լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ: Այսինքն, քանի դեռ մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն ծանոթացել քրեական գործի նյութերին, հնարավոր չէ փաստել, որ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ չեն ներկայացվի, իսկ դրանք ներկայացվելու դեպքում չեն բավարարվի: Այլ կերպ՝ դատարանն արձանագրում է, որ սույն փուլում մի կողմից հնարավոր չէ միանշանակ փաստել, որ այլեւս չեն կատարվելու լրացուցիչ քննչական գործողություններ կամ չեն կայացվելու նոր դատավարականորոշումներ, մյուս կողմից հնարավոր չէ միանշանակ փաստել նաև հակառակը, հետեւաբար` առկա իրադրության պայմաններում մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով մինչդատական վարույթում՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության աստիճանն անփոփոխ մնալու կամ նվազելու մասին հետեւություններ անելու համար օբյեկտիվ հիմքեր առկա չեն:

Մխիթար Զաքարյանը պաշտպանը իր գրառման մեջ նշել է. «Այսինքն, դատավորն ասում է, որ կարող է միջնորդություն անեք, կարող է՝ չանեք, կարող է քննիչը բավարարի, կարող է՝ չբավարարի»:

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։

Մխիթար Զաքարյանը կալանքի տակ է հուլիսի 13-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել