ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի գրառմանը։
«Ճակատագրի, բախտի ու էլի տարբեր բաների հեգնանքով ու կամ ոչ այդքան հեգնանքով Արևելագիտության ֆակուլտետի դեկան հանդիսացող, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով պատգամավորության թեկնածու Ռուբեն Մելքոնյանը պատասխանել է այսօր ԱԺ-ում ունեցածս ելույթին ու ինձ մեղադրել ստախոսության մեջ։
Հիշեցնեմ, որ ելույթումս ի պատասխան հանրապետական պատգամավորի մատնանշել էի, որ ժամանակին, երբ ուսանող էի, դեկանը ինձ կանչել էր իր մոտ ու հստակ հարցրել՝ արդյո՞ք ես եմ էն Վահագն Ալեքսանյանը, որ իրենց նախագահի մասին այդպիսի ստատուսներ է գրում ու ակնարկել դրա վատ կամ վնասաբեր հնարավոր ազդեցության ուսումնառման պրոցեսիս կամ առաջադիմությանս վրա։
Մի քանի այլ մեկնաբանություն էլ է արել Մելքոնյանը, որոնց եթե անդրադառնայի, ապա պիտի ասեի, որ սեփական դեմքով ստորաքարշ երեսպաշտության սիմվոլ հիշեցնողի խոսքերից չեն վիրավորվում, բայց որոշել եմ չանդրադառնալ։
Մելքոնյանը, ի դեպ, փոխարինել է ԵՊՀ-ի երբևէ ամենավաստակաշատ դեկաններից մեկին՝ Գուրգեն Մելիքյանին, որի օրոք Արևելագիտականը ուղղակի ապաքաղաքական օազիս էր ամբողջ ԵՊՀ-ում, ուր անգամ ամենաջերմեռանդ երիտասարդ հանրապետականները մտնում էին կրծքանշանները հանած։
Երբ այսօր ԱԺ-ում հնչեցրի դեպքի մասին, Մելքոնյանի ներկայացրած դաշինքի պատգամավորներից մեկը՝ Գեղամ Մանուկյանը ելույթով պատասխանեց և ասաց, որ ֆիզիկապես չէր կարող նման բան լինել, քանի որ երբ Մելքոնյանը դեկան դարձավ, ես արդեն Հորդանանում էի։
Տեխնիկապես ճիշտ է, բայց միայն տեխնիկապես, որովհետև Մելքոնյանը Արևելագիտության ֆակուլտետի փաստացի դեկանի պարտականությունները և գործառույթները սկսել էր կատարել շատ ավելի շուտ, քան իր պաշտոնական նշանակումը ու սրա մասին գիտի այդ օրերին ֆակուլտետում սովորած կամ դասավանդած յուրաքանչյուրը։ Ու հենց այդ շրջանն էր, երբ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ինձ ասաց, որ Մելքոնյանը ուզում է հետս խոսել, գնամ իր մոտ, այդտեղ էլ արդեն տեղի ունեցավ վերոնշյալը։
Հիմա էլ նախկինում քաղաքական տերերին շատ լավ ու շատ ակտիվ ծառայած այս պարոնը ասում է, որ ինձ լավություն է արել՝ թողնելով դիպլոմայինս ժամկետից ուշ ներկայացնել, ինքն էլ չհասկանալով, որ դրանով միայն ապացուցում է իր ստորաքարշ էությունը(դիպլոմայինս ներկայացնելու պահին արդեն իշխանություն էր փոխվել)։ Բայց նաև կարևոր եմ համարում շեշտելը, որ դիպլոմայինն այդ գրվել է էն շրջանում, երբ դիպլոմայինը ինքնուրույն գրելը և ոչ թե հայտնի «խանութից» գնելը շատ լուրջ էկզոտիկա էր համարվում ու կամ նույնիսկ արկածախնդրություն։ Այո, աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով 10 կամ նույնիսկ 15 օր ուշ եմ ներկայացրել, բայց առնվազն մի քանի հոգի կարող են փաստել, որ անքուն գիշերներ եմ անցկացրել հա՛մ տանը, հա՛մ ՔՊ գրասենյակում այն գրելու ու ավարտական տեսքի բերելու համար։ Ու որ ասեմ թե կյանքումս մի մեծ բան կփոխվեր եթե այն պաշտպանեի մի տարի հետո, վստահաբար ստած կլինեմ։
Ինչևէ, մարդիկ ինձ էլ են ճանաչում, այդ երանելի դեկանին էլ։ Նրա՝ ֆակուլտետը «չքաղաքականացնելն» էլ շատ լավ տեսել ու ինձ հասնող տեղեկություններով՝ շարունակում են տեսնել։
Հ․Գ․ Եթե Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ցանկանա հաստատել փաստը, որը նշել եմ վերևում, միայն ուրախ կլինեմ, եթե նույնիսկ դա չանի էլ, չեմ նեղանա»,-նշել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ Մելքոնյանը գրել էր․ «Այսօր տեղեկացա, որ Ազգային ժողովում ճակատագրի հեգնանքով հայտնված մեկը, ում անվանումը և դեմքը ասոցացվում է փոքրամասշտաբ բեռներ տեղափոխելու համար նախատեսված իրի՝ ուսապարկի հետ, կրկին սուտ է խոսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում իբրև առկա բարքերի և դեկանի, այսինքն՝ իմ մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Ի ամոթ մեզ՝ արևելագետներիս, համանուն ֆակուլտետը Կոկա-Կոլայի պես կրկին փորձելով մի կերպ ավարտածը պնդում է, թե իբրև դեկանը ընդդիմադիր ուսանողներին ժամանակին ուղղորդել է և պահանջել է չքննադատել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ դա կարող է ազդել իրենց առաջադիմության վրա:
Նախ՝ կոնկրետ այդ պերսոնաժի պարագայում առաջադիմության և պատվի վրա այլևս ոչինչ չի կարող ազդել: Արևելքում դաժան պատժի ձև կար, որը կիրառվում էր հատկապես կրթական որոշակի ցենզ ունեցողի հանդեպ՝ նրան նույն սենյակում էին փակում հիմարի հետ, ով խոսում էր այն, ինչից նա հմուտ է՝ հիմարություն:
Ուստի, չուզենալով կամովին ինձ դատապարտել այդ պատժին` Ավետիք Իսահակյանի պես մտածում էի, թե ինչ լավություն եմ արել այդ «արևելագետին», որ հարուցել եմ նման երախտամոռություն և հիշեցի, որ թույլ եմ տվել սահմանված ժամկետների խախտումով (ուշ էր ներկայացրել աշխատանքը ղեկավարին) մասնակցել դիպլոմային աշխատանքի պաշտպանության և մի կերպ ավարտել ԵՊՀ-ն:
Հ.Գ. Իմաստունն ասում էր. «սա էլ կանցնի». այո, քաղաքական և մարդկային տիղմը որոշ ժամանակ անց, փոթորկի հանդարտվելուց հետո կիջնի իր համար նախատեսված վայրը»,- գրել է Մելքոնյանը: