Դիմակավոր մարդիկ ներխուժել են բնակարան, միանգամից ծեծի են ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել են ավագանու անդամին․ Հայկ Մարությանը՝ ավագանու անդամի մասին

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձի դեպքին:

«Եղել է մահափորձ: Դիմակավոր մարդիկ ներխուժել են բնակարան, միանգամից ծեծի են ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել են ավագանու անդամին: Աստծո կամոք մեր գործընկերը չի մահացել: Իհարկե նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բուժաշխատողներին, որոնք անհապաղ գործողություններ են արել, որի շնորհիվ մեր ընկերն այսօր ողջ է: Ամեն ինչ նորմալ է ընթանում, դինամիկան դրական է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Ես ակնկալում եմ թե՛ իրավապահ մարմիններից, թե՛ դատական համակարգից խստագույն պատիժ՝ նման կերպով իրենց անձնական գործերն առաջ տանող անձերի նկատմամբ: Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով և նպատակ է ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար: Այնինչ ավագանու անդամն իր գործունեության ընթացքում, այն առաջարկները, որ արել է, արել է ի շահ համայնքի:

Այնուամենայնիվ ուզում եմ ասել բոլորիս, և նաև նման մարդկանց, ովքեր փորձելու են նման կերպով գործել: Բացարձակ ոչ մի բանի չեն հասնելու իրենք, բացարձակ: Եվ ասեմ ավելին, ինչը չի սպանում մեզ, ուժեղացնում է մեզ: Այնպես որ մենք այսօր շատ ավելի ուժեղ ենք, քան մինչև այդ դեպքը: Արմանին առողջություն եմ մաղթում», – ասել է Հայկ Մարությանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել