Որոշ դեպքերում ԱՊՊԱ համակարգում հատուցման ենթակա չեն տուժողի գույքին պատճառված վնասները․ ԱՊՊԱ բյուրո

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի` այն դեպքում, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվում են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները։

Հետևաբար, նման դեպքերում ԱՊՊԱ համակարգում հատուցման ենթակա չեն տուժողի գույքին պատճառված վնասները։

Հաշվի առնելով վերոգրյալը և հատուցում ստանալու գործընթացում բարդություններից խուսափելու նպատակով հորդորում ենք բոլոր այն դեպքերում, երբ Ձեր գույքին վնաս պատճառած ավտոմեքենան անհայտ է, կամ թեկուզ ավտոմեքենան հայտնի է, սակայն անհայտ է դրա սեփականատերը (օրինակ՝ ավտոմեքենան առանց հաշվառման համարանիշերի է, կամ Ձեզ հայտնի է, որ ավտոմեքենային փակցված համարանիշերը չեն պատկանում տվյալ ավտոմեքենային), դիմել ճանապարհային ոստիկանությանը՝ անհայտ ավտոմեքենան հայտնաբերելու, իսկ հայտնի ավտոմեքենայի դեպքում՝ պատահարի գրանցման վերաբերյալ փաստաթղթերում տվյալ ավտոմեքենային հատկացված համարանիշերը նշելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել